Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Որքան շատ է մտածում այսօրվա կառավարությունը, այնքան զոռը շատանում է։ Այսօր կգ սմ Ժաննա Անդրեասյանը հայտարարել է, թե «որոշ երեխաների» համար, նկատի ունենալով նրանց շահը, կարիքները, դպրոցական տարիք կարող է որոշվել յոթը։
Նախ ասեմ, որ եթե խոսքը հատուկ խնդիրներով երեխաների մասին է, ինչը ուղիղ չի էլ ասած, ապա բոլոր առարկաներից ներառությունը չի բխում երեխաների ոչ մի խմբի շահերից։ Երգ, նկարչություն, ֆիզկուլտուրա, ընթերցարաններում բանավեճիկներ՝ այո, որպեսզի երեխաները շփվեն իրար հետ, ճանաչեն, զգան իրենց որպես նույնը։
Բայց նստեցնել երեխաներին իրար հետ ասենք մաթեմատիկայի դասին, երբ համարյա յուրաքանչյուրին պիտք էր իրեն հարմար տարբերակով բացատրել նույն բանը, իսկ հիմա՝ բոլորին նույն կերպ ասել, տարբեր պահանջել, տարբեր գնահատել՝ խորացնելով իրարից տարբեր լինելու գիտակցությունը, չկարողանալով ու չհասցնելով յուրաքանչյուր երեխայի համար սովորելու հարմար միջավայր ապահովել, սովորեցնելու բեռը ամբողջությամբ թողնել ծնողների վրա՝ սրան է հասցրել հատուկ դպրոցների փակումը։
Սրան արդեն ավելացնում է տարիքային տարբերությունը, ինչը լրացուցիչ բարդություն է ուսուցչի համար, որովհետև սովորելու հարմար միջավայրը ենթադրում է նաև տարիքային առանձնահատկություններ, ինչը և ֆիզիկական հատկությունների, և ընկալման, և սովորելու ձևի, և կենտրոնանալու, և հիշելու, և վերհիշելու ու կրկնելու,... տարբերություններ է ենթադրում։
Եկեք սրան գումարենք Ժ. Անդրեասյանի մեկ այլ որոշում՝ 12 ամյա կրթության մասին, գումարենք իրար ու տեսնենք, որ տիկին նախարարը դպրոցից բուհ, կամ դպրոցից բանակ ժամանակ չի թողնում երեխաներին՝ ոչ ընդունվելու, ոչ հասունանալու, ոչ աշխատելու, ոչ որևէ այլ փորձ հավաքելու։
«Մի քանի հազար քաղաքացիներ, որոնց 18 տարին լրացել է, սակայն դեռևս շարունակում են սովորել դպրոցներում, ինչպես նաև 9-րդ դասարանն ավարտելուց հետո, առանց կրթության ընդհատման, ուսումը շարունակում են քոլեջում կամ ուսումնարանում, կկարողանան մեկ անգամ ստանալով տարկետում՝ հաջողությամբ ավարտել ուսումնառությունը, այնուհետև անցնել պարտադիր զինվորական ծառայության»,- ասել է նախարարը։
Ինչ գործ ունի 18 տարեկան քաղաքացին դպրոցում։ Հիմա արդեն՝ 19 տարեկանը։ Իսկ որ երեխաներին, ում «կրթական հատուկ կարիքը» ստիպել է 7 տարեկանում դառնալ դպրոցական, ավարտելուց հետո կտանեն բանակ, ասում են վերջին փոփոխությունները, թե ովքեր են պիտանի պարտադիր զինվորական ծառայության։ Ասենք՝ թեթև մտավոր հետամնացություն ունեցողները․․․
Կամ՝ ինչու պիտի երեխան, որ երկու-երեք տարեկանում հաշվում է, արտասանում պատմում, համեմատում, գումարում... նույնը սկսի անել 7 տարեկանում։
Ինչու՞։ Որովհետև կգ սմ նախարարը խելքին զոռ է տալիս, բայց այդպես էլ չի կարողանում մանկապարտեզ-դպրոց անցում ապահովել, չի կարողանում արդեն «գրպանը գցած» 12 ամյա դպրոցական ծրագիրը ռացիոնալացնել՝ առանց թեմաների կրճատման, առանց դասագրքերի այլանդակման ու կրկին անցնել 10 ամյա կրթության, որի առավելությունները՝ սկսած ժամկետներից վերջացրած դիդակտիկայով ակնհայտ էին նույնիսկ այդքան ձեր չսիրած խորհրդային դպրոցներից։
Հա, ի դեպ, Կիրանցը «լավագույն» օրինակն է դպրոցից բանակ ուղիղ անցման, նույնիսկ ավարտել պետք չէ՝ դուրս ես գալիս դպրոցից, մետրեր այն կողմ սահմանային-բանակային պատն է։
Անահիտ Ոսկանյան